Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Մտադիր եմ դրամով գնել իմ նախնյաց երկրները՝ Ղարաբաղի աշխարհը Փայտակարանով հանդերձ»

«Մտադիր եմ դրամով գնել իմ նախնյաց երկրները՝ Ղարաբաղի աշխարհը Փայտակարանով հանդերձ»
24.07.2015 | 10:38

(փաստագրություն՝ ուղեկից զեղումներով)

(սկիզբը` այստեղ)

ԵՂԲԱՅՐՆ ՈՒ ՔՈՒՅՐԵՐԸ
Ինչո՞ւ ենք հարկ համարում առանձին ենթագլուխ նվիրել Հովսեփ Ամիրխանյանի մերձավոր ազգականներին. այն պատճառով, որ առանց ընտանիք սիրելու հնարավոր չէ ազգասեր լինել:
Մտաբերենք, թե ինչ էր գրում իր հռչակավոր նամակում. Ներսես Աշտարակեցուց խնդրում էր իրեն պետքական տեղեկությունները. «…Շուտափույթ կերպով հավաստվեն և ուղարկվեն Բասրա՝ իմ եղբայր Ամիրխան Հովհաննեսի Ամիրխանյանին, իսկ նա դրանք անմիջապես կհասցնի ինձ»:
«Համառօտ ազգաբանութիւն»-ի հեղինակը գրում է. «Ամիրխան Յովհաննէս Ամիրեանցն, ինչպէս յիշեցի, ծնւում է 1801 թուին, 20 տարեկան հասակում սկսում է գիւղօրէից հետ առեւտուրով զբաղուելն: 1822 թուին պսակւում է Տէր Մարգար Տէր Կարապետեանի Մարիամ աղջկան հետ: 1829 թ. միջոցներում երթում է Բասրա, որտեղ առեւտրական տուն դնելով նպաստում էր եւ եղբօրն իշխան աղա Յովսէփի գործերին: 1831 թւի վերջերում երթում է Սմարանգ ¥Ջաւա¤: Եղբայրն առաջարկում է Ամիրխանին, թէ՝ կարելի է ընտանիքն եւս փոխադրի Ջաւա եւ իրեն պահանջի հանդիման կառավարութիւնից յանձնուելիք շաքարի գործարանների պայմանները յանձն առնելով զբաղի նոյն ճիւղում: Ամիրխանը խոյեմաբար մերժում է եղբօր առաջարկը (գուցէ մտածում է ապագայի ձուլումներից) եւ այնտեղ մի քանի տարիք մնալուց յետոյ վերադառնում է նախ Բասրա եւ ապա Նոր Ջուղա Սպահան: 1841 թուականներից յետոյ սկսում է վաճառականութիւնը զանազան քաղաքների հետ, նաեւ Կ. Պօլսի հետ թանբաքուհի (Ղէյլանի ծխախոտ) եւ ճոթեղէնի արտադրութեամբ, առեւտուրը շարունակում է ց 1855 թուականներն, սակայն չհանդուրժելով թշնամեաց խարդախութեանց դադարում է գործից եւ իրեն պահանջները շատոնք սուտ երդմամբ ուրանում եւ կլանում են: Ժամանակին եղած եպիսկոպոսը միշտ պաշտպան է եղած թշնամեաց կողմին, ի փոխարէն Ամիրխանի այն լաւութեանց, երբ Ամենափրկչեան վանքի զանգերի չուանները պարտատէրերը բռնած եւ արգելում էին կոչման ղօղանջիւնը: Այս ժամանակ Ամիրխանը պարտատէրներին, որին հատուցանելով, որին համոզելով ազատում է վանքն եւ վանականներին այդ նեղութիւններից: Հարցնելո՞ւ է պատճառը այդքան թշնամութեանց: Վասնզի Ամիրխանն այդ ժամանակ սկսած էր հայ կաթոլիկաց եկեղեցին յաճախել:
Ամիրխան Յովհաննէս Ամիրեանցը 1861 թուականին Յովսէփ որդւոյն հետ երթայ Ջաւա ի տեսութիւն ընտանեաց եւ 1864 թուին վերադառնայ Նոր Ջուղա եւ երեք տարիք ապրելով հանգիստ եւ բարի մահւամբ վախճանի 1867 թուականին: Մարիամ կին Ամիրխանի բարի մահւամբ 1872 թ. վախճանի»:
Այս մեջբերումից պարզ է դառնում, որ Հովսեփն ու Ամիրխանը գործակցել են առևտրի ասպարեզում, կրտսերը մեկ անգամ այցելել է ավագին, մեկ անգամ էլ, եղբոր մահից հետո՝ ի տեսութիւն ընտանեաց: Ի տեսություն ո՞ւմ:
Հարցի պատասխանը գտնում ենք «Համառօտ ազգաբանութիւն»-ի մեկ այլ հատվածում. «Առաջին աղջիկը՝ Աննան, պսակւում է Անդրէասի հետ եւ երեք արու զաւակներ է ծնում՝ Կարապետ, Բարսեղ եւ Պօղոս. սորանք գաղթում են Ջաւա, որոնցից մի երկու հօլանդացած ժառանգներից դեռ պիտի գոյութիւն ունենան:
Երկրորդ աղջիկը՝ Հռիփսիմէն, պսակւում է Մարտիրոսի հետ եւ երկու արու զաւակներ է ծնում՝ Գալստան եւ Աւետիք. սորանք էլ գաղթում են Հնդկաստան:
Երրորդ աղջիկը՝ Մարիամ, առաջին ամուսնուց թողնում է Եղիազար որդուն եւ վերջին ամուսնուց՝ Մանուկ Բարսեղեան:
Չորրորդ աղջիկը՝ Մարամջան, պսակւում է Մարտիրոս Տէր Ոսկանեանի հետ եւ երկու արու զաւակներ է ծնում՝ Սարգիս եւ Սեթ. վերջինս գաղթում է Ջաւա:
Հինգերորդ աղջիկը՝ Վառվառէ, պսակւում է Գէորգ Աբգարեանցի հետ եւ վեց արու զաւակներ է ծնում՝ Գաբրիէլ, Միքայել, Ստեփաննոս, Սիմէօն, Ղազար եւ Վրթանէս: Ղազարն աշխարհական քահանայ է ձեռնադրւում Տէր Ղազար անուամբ»: Այսինքն, Ամիրխանն այցելում է Ճավա՝ ի տեսություն Աննա և Մարամջան քույրերի որդիների: Ընտանեկան կապերը դեռևս ամուր էին:

ԻՆՉՈ՞Ւ ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՀՆԴԿԱՍՏԱՆ
Նոր Ջուղայի արհեստավարժ հայ վաճառականության գլխավոր թիրախը Հնդկաստանն էր: Բայց այդ երկրում բուն առևտրով զբաղվելը գործունեության մի մասն էր, գոյություն ուներ նախապատրաստական փուլ, որը ձևավորվել էր դարերի փորձառությամբ: Բնականաբար, առանց որոշակի դրամագլխի ոչ ոք առևտրային երկարատև ճամփորդություն չէր ձեռնարկում, Նոր Ջուղայում գոյություն ունեին վարկատու-վարկառու, ջուղայեցիների լեզվով՝ աղա-ընկեր, անխախտ հարաբերություններ, որոնք պարտավոր էին պահպանել երկու կողմերը: Վարկատու խոջան վարկառուին՝ միջազգային առևտրում առաջին քայլերն անողին, տրամադրում էր գումար և վերջինիս վերադարձից հետո ստանում շահույթի 2/3-ը: Դրանից հետո միայն նորընծա, փորձառություն ձեռք բերած անձը կարող էր ինքնուրույնաբար զբաղվել առևտրով: Շահույթի իսկությունը ստուգվում էր հաշվետումարներով՝ առևտրային ամենօրյա գրառումներով, իսկ այդպիսիք չվարողները կամ զեղծողները ենթարկվում էին դաժան պատիժների:
Այն, որ Ամիրօղլին 1798 թ. Հովսեփ որդուն տարել է Բուշեր և այնտեղից ճանապարհել Հնդկաստան, իսկ Հովսեփի հետագա կենսագրությունը ցույց է տալիս, որ նա աղա-ընկեր հարաբերությունների ծիրում չի եղել, հաշվետումար չի վարել, վկայում է, որ որդու նախնական կապիտալը տրամադրել է հայրը, այսինքն՝ Ամիրօղլին ինքը ապահովված մարդ էր:
Հ. Ամիրխանյանի կյանքի 12 տարիների մասին (1798-1810), դժբախտաբար, քիչ բան է հայտնի:
Գ. Զաքարյանն իր «Ջավա» գրքում գրում է. «Սա ի բազում ամս շրջեալ ի Հնդիկս, ի վերջոյ եկեալ էր այսր՝ ի Մանիլոյ կարօտ օգնականութեան պարոն Գէորգայ Մանուկեան, այլ յորժամ ծանեաւ զլեզու և զաշխարհն»: Մանիլա ասելով, հեղինակը նկատի ունի Նիդերլանդական Հնդկաստանը, որովհետև Ֆիլիպիններ պետություն գոյություն չուներ, իսկ ականավոր վաճառական Գևորգ Մանուկյանը, որին դեռ կանդրադառնանք, հիմնականում գործում էր Ճավայում:
Ա. Ամիրխանյանը «Համառօտ ազգաբանութիւն»-ում նշում է. «Յովսէփ Յովհաննէս Ամիրեանցն, ինչպէս յիշեցի, հօրն Ամիրօղլիի հետ 18 տարեկան հասակներում միասին երթում են Բուշեռ, եւ Յովսէփը միայնակ մեկնում է Հնդկաստան եւ այդտեղից քիչ միջոցից յետոյ գնում է Ջաւա եւ Սմարանգ նաւահանգիստ քաղաքում աղա Կուբօլ հայ վաճառականի մօտ կարճ միջոցում զարգանալով առեւտրական հմտութեամբ անձամբ ձեռք է զարնում վաճառականութեան»: Տեքստում Կուբօլ անվան մոտ հարցական նշան է դրված, այսինքն` դժվարընթեռնելի է եղել, և ձեռագիրը հրատարակության պատրաստած Ն. Միրզայանը կասկածանքով է վերաբերել անվան ճշտությանը: Ես ևս այդպիսի անվամբ հայ վաճառականի չեմ հանդիպել:
Նիդերլանդական Հնդկաստանը՝ ներկայիս Ինդոնեզիան, բաղկացած է 13666 կղզիներից, որոնք սփռված են հասարակածի երկու կողմերում՝ Հնդկական ու Խաղաղ օվկիանոսների միջև: Այդ կղզիներից 9622-ը անուն չունեն, իսկ 931-ում բնակվողները թվաքանակով աշխարհում հինգերորդն են: Այստեղ եղանակները չեն փոխվում, տիրում է մշտական բարձր ջերմաստիճան և առատ տեղումներ են լինում:

Մշտադալար արևադարձային անտառներում աճում է 2000 ծառատեսակ: Տարվա ընթացքում հողը տալիս է երեք բերք, այդ թվում՝ սուրճ, թեյ, կակաո, կոկոս, բանան, ծխախոտ, բամբակ, բրինձ, ձգախեժ (բնական կաուչուկ), համեմունքներ՝ պղպեղ, մեխակ, զաֆրան և այլն, որոնք մեր պատմագրության մեջ կոչվում են գաղթաբերք՝ գաղութի բերք:
Կղզիներում ապրում են բազմաթիվ մարդացեղեր՝ ճավացիներ, մադուրներ, մալայացիներ, մակասարցիներ և այլք: Բնիկներից զատ, այստեղ են չինացիներ, արաբներ, հնդիկներ, ճապոնացիներ, եվրոպացիներ, իսկ այդ խառնարանում հայերս հայտնվեցինք այն ժամանակներում, երբ գոյություն ունեին միայն մի քանի իշխանություններ, բնակչության բացարձակ մեծամասնությունը մահմեդական չէր և նավթ դեռ չէր հայտնաբերվել:
1596 թ. Բանթամ կղզի հասավ Հոլանդիայի ռազմական նավախումբը՝ Կոռնելիս վան Հաութմանի գլխավորությամբ: Քանի որ հոլանդացիներն արդեն ոտք էին դրել Հնդկաստան, ապա նրանք այս նոր կղզիներն անվանեցին Նիդերլանդական Հնդկաստան և դարձրին իրենց գաղութը: Ծայրագույն Արևելքը յուրացնելու նպատակով Ամստերդամի առևտրական ու բանկային կապիտալը 1602 թ. ստեղծեց «Արևելահնդկական ընկերությունը», որն օգտվելով պետական հովանավորությունից` ստանձնեց թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական գործառույթներ: 1619 թ. գեներալ-նահանգապետ Յան Պիտերսզոն Կունը Ճավա կղզու Ջակարտա իշխանությունում մի ամրոց կառուցեց և այն անվանեց Բաթավիա՝ ի պատիվ իրենց հնամենի նախնիների` գերման բաթավ ցեղի:
Հոլանդական «Արևելահնդկական ընկերության» 1656 թ. «Որոշումներ» հավաքածուում հիշատակվում է Սուլավեսի կղզու Գովա իշխանության մայրաքաղաք Մակասարում (ներկայիս ՈՒջանգպանդանգ) հաստատված խոջա Սոլիմա հայ վաճառականը: Այս մարդուն կարելի է համարել Նիդերլանդական Հնդկաստանում հայտնված առաջին հայը և, ամենայն հավանականությամբ, նա այն նորջուղայեցիներից Էր, որոնք վաղուց ի վեր եռանդուն առևտրական գործունեություն էին ծավալել Ամստերդամում:
XVIII դ. առաջին կեսին Մադրասից մի քանի հայեր անցնում են, նախ, Մանիլա, ապա գալիս են Ճավա և բնակություն հաստատում Բաթավիայում: Մի կողմից, Հնդկաստանում անգլիացիներից ակնհայտ ճնշումների ենթարկվելով, մյուս կողմից, Նիդերլանդական Հնդկաստանի բնության պարգևած հարստությունները, ապրանքատեսակների անբավ առատությունը դրդեցին, որ հայ վաճառականներն աստիճանաբար այստեղ տեղափոխվեն:
Շուտով հայ վաճառականների ներկայությունն այնքան զգալի դարձավ, որ 1747 թ. մարտի 31-ին հոլանդական «Արևելահնդկական ընկերությունը» հայերին տվեց ազատ քաղաքացու պաշտոնական արտոնագիր՝ այլ եվրոպացիներին հավասար իրավունքներով: Այս արտոնությունը, այսինքն` առևտրատնտեսական, կրոնական, մշակութային այլևայլ ազատությունները պատճառ դարձան, որ Հնդկաստանից հայ վաճառականների նորանոր հոսքեր գան: Եվ քանի որ հայոց հիմնական զբաղմունքը առևտուրն Էր, բնականաբար, նրանք հաստատվեցին խոշոր կղզիների՝ Ճավայի ու Սուլավեսիի մարդաշատ և վաճառաշահ քաղաքներում: 1781 թ. Բաթավիա եկան Հովհաննես Շերիմանյանը, Մանուկ Հակոբյանը, Վարդան Գասպարյանը: 1801 թ., 89 տարեկան հասակում, Բաթավիայում վախճանվեց Հարություն Զաքարյանը, որի գերեզմանը ամենահինն է:
Այս մարդիկ Պարսկաստանից ներմուծում էին կերպաս, արհեստական մեղրամոմ՝ կտավեղեն դաջելու համար, ալյուր, արմավ, յուղ, վարդաջուր, արտահանում էին սուրճ, շաքար, տարատեսակ խեժեր, համեմունք, հնդկընկույզ, ափիոն: Բեռնափոխադրումները, բնականաբար, կատարվում էին հոլանդական առագաստանավերով, որոնք պարսկական Բուշեր նավահանգիստ էին հասնում 1,5-3 ամսում:
Հայերի՝ Նիդերլանդական Հնդկաստանում հայտնվելուն նպաստեց ևս մեկ հանգամանք՝ զուտ մարդկային և ազգամիջյան հանդուրժողականությունը. «Աշխարհի մեջ ոչ մեկ տեղ չեմ հանդիպած ընդհանուր հանգիստին, որ Ճավայի մեջ ապրողներու առանձնաշնորհումն է: Կքալեն, բայց արտորանք չունին, հանգիստ մը կըմբոշխնեն քալելուն մեջ, կաշխատին և հանգստության երևույթը կա իրենց աշխատանքին վրա, կխոսին հանդարտորեն, իրենց ուժերը խնայողներու հոգածությամբ...
ՈՒ ճավացիին առաքինությունն է մաքրասիրությունը: Բնիկն անգամ օրական իր երկու լոգանքը պետք է ընե: Որքա՜ն մեծ տարբերություն Հնդկաստանի բնիկին ու Ճավային բնիկին միջև»: Այս մեջբերման հեղինակը հայտնի հրապարակագիր Հրաչ Երվանդն է, և, ճիշտ է, գրել է 1926 թ., բայց դրանից մեկ-երկու դար առաջ էլ նույն մթնոլորտն էր:
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 24768

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ